03/11/2021 18:10
Նոր տրանսպորտային համակարգի ներդրման դեպքում չի բացառվում, որ ուղեվարձը թանկանա. Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արդիականացման խնդրին։
«Իհարկե լավ է, որ մայրաքաղաքն ավտոբուսներ է ձեռքբերում, բայց դա ուշացած է» ,- ասել է Խաժակյանը։
Նրա տեղեկացմամբ` մայրաքաղաքի մեծ ծրագրերից մեկով՝ վարկային 25 միլիոն եվրոյի փաթեթի շրջանակում, նախատեսված է երկար ավտոբուսներ ձեռք բերել։ Ծրագիրը պետք է իրականացվեր դեռ 2019 թվականին, սակայն մրցույթը ձախողվել է և, փաստացի, գործընթացը տեղափոխվել է 2022 թվական։ Երևանը «խելացի քաղաքի» վերածելու ծրագրերն էլ, ըստ Խաժակյանի, դեռ թղթի վրա են։
«Ցավոք, մենք հավաքական ծրագիր չունենք և ասելով, որ Երևանը պետք է լինի «խելացի քաղաք», ըստ էության, չենք պատկերացնում, թե ինչ միջոցառումներ են իրականացվելու, որովհետև, օրինակ, սեղմակով լուսացույցների տեղադրմանն ու էլեկտրոնային համակարգերի ներդրմանը վերաբերող պատկերացումները հատվածական են։ Եթե խոսվում է էլեկտրոնային վճարման եղանակի մասին, իհարկե լավ է, առաջընթաց է, բայց ես «խելացի քաղաք» հասկացության կամ ծրագրի ներքո պատկերացնում եմ կոնկրետ երևույթներ, ոչ թե լոկ ծրագրեր, որոնք վաղուց պետք է իրականացվեին, բայց այդպես էլ մնացել են թղթի վրա»,– ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։
Ըստ նրա` եթե «խելացի քաղաք» ծրագրի բաղկացուցիչ մաս է դիտարկվում նաև արդիական տրանսպորտը, ապա պատկերացում է առաջանում չվացուցակների կանխատեսելիության, բջջային հավելվածների ներդրման մասին, ինչը թույլ կտա մարդկանց տեսնել, թե սպասվող տրանսպորտային միջոցը որտեղ է գտնվում տվյալ պահին, բայց այդ մասով որևէ աշխատանք չի տարվում։
«Երբ խոսում ենք ավտոբուսների միասնական տոմսային համակարգի մասին, ապա, միանշանակ, նկատի չունենք այն ժետոնները, որոնք այսօր ձեռք են բերվում։ Եթե մեկ տարի հետո տոմսերի քարտային համակարգ է ներդրվելու, ինչո՞ւ ենք շարունակաբար մետաղադրամի սարքեր ձեռք բերում և մարդկանց պարտավորեցնում 100 դրամ ունենալ տրանսպորտից օգտվելիս»,– նշել է Խաժակյանը։
Նրան զարմացնում է նաև այն հանգամանքը, թե ինչու ժամանակ չծախսվեց ուղևորափոխադրման վճարումների քարտային համակարգը հնարավորինս շուտ ներդնելու համար, փոխարենը քաղաքապետարանը սպասեց, որ ավտոբուսները գան, նոր սկսեց մտածել, թե ինչ պետք է դրանցում տեղադրի։
Խաժակյանն ընգծել է նաև, որ միասնական տոմսային համակարգի անցնելու դեպքում չի բացառվում, որ ուղեվարձը թանկանա, սակայն, նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ եթե հիմա մեկ ուղեգծի վճարը 100 դրամ է, ապա նոր տրանսպորտային համակարգում վճարը փոխկապակցված կլինի երթևեկության հեռավորության հետ։