03/11/2021 20:32
Հոկտեմբերի 1-ից ներդրված վարչարարությունը կարելի էր անել դեռ մայիսից, որովհետև այն ժողովրդին դրդեց ավելի սթափ գնահատել իրավիճակը և գնալ պատվաստումների. Դոցենտ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցածր ցուցանիշը պայմանավորված է առավելապես ապատեղեկատվությամբ և սոցիալական ցանցերում տեղ գտած ոչ պրոֆեսիոնալ կարծիքներով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։
«Նույն խնդիրը նաև ԱՄՆ-ում կա։ Այդ երկրի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրենն ասում է, որ եթե անցյալ դարում սոցիալական ցանցեր լինեին, ապա բնական ծաղիկն անհնար կլիներ վերացնել։ Այսինքն՝ այն ապատեղեկատվությունը, որ մենք ունենք սոցիալական ցանցերում, բերում է նրան, որ մարդիկ սկսում են լսել երկու տեսակետ։ Իսկ երբ մարդն ի սկզբանե հակված է չպաստվաստվելու, իրեն ավելի հոգեհարազատ է բացասական կարծիքին տրվելը»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը։
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտը շեշտեց՝ ինքը գործի բերումով ուղղակիորեն ներգրավված է պատվաստումների քարոզչական արշավներում, և դեռ ապրիլ ամսից անդադար հայտարարում են կորանավիրուսի դեմ պատվաստումների կարևորության մասին։
«Ուղղակի կարծում եմ, որ հոկտեմբերի 1-ից ներդրված վարչարարությունը կարելի էր անել դեռ մայիս ամսից, որովհետև այն ժողովրդին դրդեց ավելի սթափ գնահատել իրավիճակը և գնալ պատվաստումների։ Եթե մենք սա անեինք մայիսին, կորոնավիրուսի այսօրվա այս բուռն, ցավոտ չորրորդ ալիքը չէինք ունենա»,- համոզմունք հայտնեց բժիշկը։
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։ Լիարժեք պատվաստման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 10 տոկոս է կազմում։