03/11/2021 18:50
Կորոնավիրուսի դեմ պայքարում կազմակերպչական լուրջ սխալներ են արվել, որոնք էլ իրենց հետևանքներն են ունեցել պատվաստումների հետագա գործընթացի վրա. Վիրուսաբան
Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կազմակերպչական լուրջ սխալներ են արվել, որոնք էլ, հավանաբար, իրենց հետևանքներն են ունեցել պատվաստումների հետագա գործընթացի վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։
«Ենթադրում եմ, որ պատվաստվողների թիվը փոքր է նախ պետական մարմինների և պատվաստանյութերի նկատմամբ անվստահության պատճառով։ Մյուս կողմից, որոշ մարդիկ լուրջ չեն վերաբերում վիրուսին, որոշներն էլ ասում են, որ կորոնավիրուս ընդհնարապես չկա, այսինքն՝ պատճառները, անհեթեթ հիմնավորումները շատ-շատ են»,- ասաց բժիշկը։
Հովակիմ Զաքարյանի խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացն ի սկզբանե սխալ է կազմակերպվել՝ և՛ պատվաստումներից առաջ, և՛ պատվաստանյութերն ստանալուց հետո։
«Թե ինչու է պատվաստումների մասով այսպիսի տխուր պատկեր, թող նաև պատկան մարմիններն իրենց կարծիքը հայտնեն. իմ կարծիքը շատ երկրորդական է։ Թող իրենք իրենց կարծիքը հայտնեն, թե ինչու ժողովուրդը չի գնում պատվաստվելու։
Բայց պետք է նշեմ, որ թիրախային տարբեր խմբերի համար քարոզչության տարբեր ձևեր կան։ Դրա համար էլ ամբողջ պրոցեսին պետք է մասնակցեն ոչ միայն բժիշկները, այլ նաև սոցիոլոգները, հոգեբանները, մարքեթինգի մասնագետները, որոնք թիրախավորված, արդյունավետ քարոզչության գործիքներ կօգտագործեն։ Բայց այդ ամենը չի արվել, դրա համար էլ պատվաստումների գործընթացում այսպիսի բացթողումներ կան»,- ամփոփեց վիրուսաբանը։
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։ Լիարժեք պատվաստման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 10 տոկոս է կազմում։