03/11/2021 18:20
Քովիդից օրական մոտ 50 քաղաքացու մահը համազգային աղետ է՝ ոչ պակաս, քան այն, ինչ տեղի ունեցավ Արցախում. հանրային առողջության մասնագետ
Հայաստանը պատվաստվածների թվով տարածաշրջանում վերջիններից է, քանի որ դրան նպաստում են ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի գործոններ։ Կարելի է մի քանի խումբ պատճառներ առանձնացնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
«Առաջինը դեռևս Խորհրդային միությունից ժառանգություն ստացած, ավանդաբար եկող անվստահությունն է կառավարությունների և ազգաբնակչության միջև՝ հատկապես առավել բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների շրջանում։ Պատճառների մյուս խումբը բնակչության ցածր գիտելիքներն են առողջության, առողջության ահպաման, դրա արդյունավետ և անարդյունավետ գործիքների վերաբերյալ՝ մասնավորապես պատվաստանյութերի և դրանց ազդեցության մասով»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ Մելիք-Նուբարյանի՝ պատվաստումների ցածր ցուցանիշներին նպաստող գործոններից են նաև հաղորդակցման հետ կապված խնդիրները։
«Փորձը ցույց է տալիս, որ քարոզն ու իրազեկումը, գոնե մեր պարագայում, այնքան էլ լավ չեն աշխատում, և այս պայմաններում ավելի լավ է անցում կատարել հաղորդակցման և շփման, հնարավորինս շատ մարդկանց հետ դեմառդեմ հանդիպումների։ Այդ հանդիպումների ժամանակ մարդիկ կարող են իրենց հուզող հարցերը տալ և կոնկրետ անձից ստանալ պատասխաններ, այլ ոչ թե անդեմ, սոցիալական ցանցերի հրապարակումներից ինչ-որ բան իմանալ։
Չորրորդ խումբ պատճառները հակահամաճարակային և պատվաստումների գործընթացները քաղաքական շահարկումների առարկա դարձնելն է։ Սա, մեղմ ասած, չի նպաստում պրոցեսի արդյունավետությանը։
Բայց կա նաև հինգերրոդ գործոնը, որը երևի ամենակարևորն է նախորդ չորսից։ Առայժմ մենք չենք տեսնում քովիդի դեմ պայքարի համատարած պահանջարկ՝ կառավարման ոլորտի, համայնքների, մտավորականության, գիտնականների, մշակույթի գործիչների, ընդդիմադիրների և մյուսների կողմից։ Սա է ամենամեծ խնդիրը։ Երբ լինի պահանջարկ, երբ մարդիկ գիտակցեն, որ ամեն օր ՀՀ մոտ 50 քաղաքացի է մահանում քովիդից, և դա համազգային աղետ է՝ ոչ պակաս, քան այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, մենք կսկսենք մեր վարքագիծը փոխել»,- ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։ Լիարժեք պատվաստման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 10 տոկոս է կազմում։