04/11/2021 18:34
2020 - ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո կիսատ բաներ են մնացել․ նոր փաստաթուղթ՝ մեզ համար ցավոտ ձևակերպումներով, ստորագրվելու է․ քաղաքագետ
«ԱՄՆ-ը կողմ է հարավկովկասյան 3 երկրների, Թուրքիայի և Իրանի հետ «3+3» մեխանիզմին, որն, ի դեպ, ամենևին էլ նոր չէ։ Սա պարզ է դառնում նաև ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակից, որտեղ Բայդենն ասել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության և տարածաշրջանային այլ ձևաչափերի օգնությամբ»,- 168․am-ի «Ռեվյու» հաղորդմանը կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ «3+3» ձևաչափի նկատմամբ ամերիկյան կողմի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն չի բացառում Մինսկի խմբի աշխատանքը, իսկ պաշտոնապես այս ձևաչափի վերաբերյալ իր վերապահումը հայտնել է միայն Վրաստանը։ Հայկական կողմից որևէ վերապահում պաշտոնապես չի հնչել։
«Եթե Հայաստանից պաշտոնական դիրքորոշում չկա, որ ունենք վերապահում, ուրեմն մենք չունենք վերապահում։ Սա պարզ է»,- ասել է Սարգսյանը։
Քաղաքագետը նշել է նաև, որ սուբյեկտայնությունից զրկված Հայաստանն առանցքային՝ Սյունիքի հետ կապված խնդրի լուծման վերաբերյալ ևս հայկական շահից բխող դիրքորոշում չի կարողանում պարտադրել։
«Որևէ բան չի բանակցվում՝ հաշվի առնելով Հայաստանի շահը։ Ընդհակառակը, ամեն ինչ գնում է մեր կորուստների հաշվին։ Մենք ոչ մի բան չենք վերցնում, միայն տալիս ենք. տալիս ենք մեր տարածքն օտարերկրյա պետությանը, որ օգտագործի, բայց թե դրա դիմաց ի՞նչ ենք ստանում, չեմ կարող ասել։ Թուրքիան հիմա մեր տարածքների հաշվին ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը»,- ասել է Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ Թուրքիան, որն այժմ մեր առջև դրել է Սյունիքով միջանցք ստանալու հարցը, վաղը նախապայմաններն ավելացնելու է։
«Օրինակ, ասելու է՝ խմբագրեք ձեր Անկախության հռչակագիրը, որովհետև տարածքային պահանջի հարց կա այնտեղ, հետո պնդելու է՝ զինանշանի վրայից հանեք Արարատ լեռը, այսինքն՝ գնալու է մաքսիմալ ճնշումների, քանի դեռ Հայաստանը թույլ է, ու դրանից օգտվելու է նաև Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է մամուլում տարածված փաստաթղթերի ստորագրման մասին լուրին, ապա, թեև հարցական է, թե ինչպիսի փաստաթուղթ է լինելու, բայց ակնհայտ է, որ ինչ-որ մի բան ստորագրվելու է. դա փաստ է, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պարզ է, որ դեռ բան կա անելու, դեռ բան կա, որը կիսատ է։ Վստահ կարող եք լինել՝ լինելու է փաստաթղթի ստորագրում՝ մեզ համար ցավոտ ձևակերպումներով»,- նշել է քաղաքագետը։