05/11/2021 15:22
Պետք է այնպես անենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կարողանան հարստանալ, ոչ թե տարեցտարի մնան աղքատության եզրին. Վահան Քերոբյան
Հայաստանում նախատեսվում է թվայնացնել խաղողագործությունը՝ վերահսկելու ողջ գործընթացը, Ազգային ժողովում այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, թե այս տարի կխուսափեին խաղողի մթերման հետ կապված խնդիրներից, եթե անսպասելիորեն խոշորագույն մթերողներից մեկը, որը տարվա սկզբին կանխավճարներ էր արել խաղողի մթերման համար, վերջին պահին չհրաժարվեր դրանից:
«Տասնյակ հազար տոննաներ խաղողի մասին է խոսքը, դա ստիպեց մեզ, որ մենք լրացուցիչ գործողություններ անենք: Մինչ այդ, մեր արած նախապատրաստական աշխատանքը պետք է, որ բավարար լիներ: Պետական երաշխիքները և դրան զուգորդող բազմաթիվ այլ մեխանիզմներ միտված էին նրան, որ այս տարի այդ խնդիրը չառաջանար», - նշեց նախաարարը:
Վահան Քերոբյանն ընդգծեց՝ գյուղատնտեսական համակարգը պետք է խորը ռեֆորմի ենթարկել, իսկ դրա ամենակարևոր բաղադիչը գյուղատնտեսական արտադրողականության բարձրացումն է:
«Մենք պետք է այնպես անենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կարողանան հարստանալ, ոչ թե տարեցտարի մնան աղքատության եզրին: Դա, ըստ էության, խաղողագործության թվայնացման պրոցեսն է, այսինքն՝ մենք բոլոր խաղողի տնկարկները լուսանկարահանել ենք, դրանք պետք է կապվեն ֆերմերների հետ և մեր ամբողջ խաղողագործական ինդուստրիան պետք է թվայնացվի այնպես, որ մենք կարողանանք թափանցիկ վերահսկել սուբսիդավորման ու մթերման ամբողջ գործընթացը», - ասաց Քերոբյանը:
Նախարարը կարևորեց նաև կոնյակագործության և գինեգործության զարգացման ճիշտ ռազմավարություն ունենալը:
«Մենք արդեն խաղողի և գինու հիմնադրամի միջոցով ավարտում ենք գինեգործության զարգացման 5-ամյա ռազմավարությունը, նպատակն է կտրուկ բարձրացնել գինու արտադրությունը Հայաստանում: 2020-ի 12 մլն լիտրի դիմաց պլանավորում ենք, որ 2025-26-ին ունենանք 50 մլն լիտր գինու արտադրություն: Դրան անմիջապես պետք է հաջորդի կոնյակագործության ռազմավարության ստեղծումը», - ընդգծեց Էկոնոմիկայի նախարարը: