05/11/2021 09:40
«Հրապարակ». Փաշինյանի` Կապան այցի մեջ սյունեցիները քարոզչական քայլ են տեսել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։ Կապան համայնքում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյանի հայրն օրերս կորոնավիրուսից մահացել էր: Ու թեև Փաշինյանի` Կապան այցի հիմնական նպատակը Դանիելյանի հոր հոգեհանգստյան արարողությանը մասնակցելն էր, սակայն դրանում սյունեցիները նաև քարոզչական քայլ էին տեսնում` հանուն իշխանական թեկնածուի։
Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող համայնքապետ Գևորգ Փարսյանն է, որն առաջադրվել է «Շանթ դաշինք» կուսակցությամբ։ Հիշեցնենք նաև, որ 2018 թվականին Կապանում նույնպես համայնքային ընտրություններ էին, և կրկին Փարսյանն էր առաջադրվել, իսկ ՔՊ-ն այսօրվա փոխմարզպետ Նարեկ Բաբայանին էր առաջադրել, և անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց քարոզարշավին, բայց պարտություն կրեցին: Սա ՔՊ-ի առաջին պարտությունն էր, ընդ որում` այն պահին, երբ երիտասարդ իշխանություններն իրենց ռեյտինգի պիկին էին»։