05/11/2021 10:01
«Ժողովուրդ». Ֆերմերները ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել. շուտով կլսենք նաև մսամթերքի գնի բարձրացման մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սկսնակ ֆերմերները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. անասնակերը ոչ միայն թանկացել է, այլև չկա: Այս ոլորտում ամիսներ առաջ արձանագրված դեֆիցիտի և գնաճի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, թեև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է էժան համակցված կերեր տրամադրել ֆերմերներին:
Ինչպես տեսնում եք, Էկոնոմիկայի նախարարությունից դեռ ձայն-ծպտուն չկա, այնինչ ֆերմերները լուրջ խնդիրների առաջ են կանգնել անգամ անասնակերի ներկրման հարցում. նրանց մի մասը փորձել է Վրաստանից անանսակեր՝ խոտ ներկրել, սակայն պարզվել է, որ մեկ հակ խոտ բերելու համար գանձվելու է 900 դրամ, այս պատճառով չեղարկվել է այդ գործընթացը:
Մեր հանրապետությունում այս պահին դժվար է խոտ գտնել. եթե կա, ապա այն արժե մինչև 2000 դրամ: Մասնագետներն ասում են, որ այն ձմռան ամիսներին է՛լ ավելի է թանկանալու: Բացի այս, կոմբիկորմի գինն է նաև բարձրացել, իսկ ճագարի կերի 25 կիլոգրամանոց պարկը 5500 դրամից դարձել է 5700 դրամ: Անասնակերի թանկացման այս ֆոնին շուտով կլսենք նաև մսամթերքի գնի բարձրացման մասին:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե երբ կարող են ֆերմերները կառավարությունից էժան գնով համակցված կեր ձեռք բերել: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Շրջանառության մեջ ենք դրել, հուսով եմ՝ մինչև ամսվա վերջ գործիքը պատրաստ կլինի»»։