05/11/2021 19:20
Թուրքիայից, Ադրբեջանից գործակալներ կան Հայաստանում, Արցախում․ փորձում են ապաշրջափակման անվան ներքո Սյունիքի հատվածով միջանցք բացել, դրա դեմը պետք է առնենք․ Սեյրան Օհանյան
«Հայաստանի զարգացումը տեսնում ենք միայն ու միայն այս իշխանության հեռացումից հետո»,- Para.TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծել է, որ գործող իշխանության պատճառով է, որ արտաքին քաղաքականությունն ու բանակցային պրոցեսը ձախողվեցին, ինչն էլ հանգեցրեց պատերազմի, տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման մեծացման ու նրա կողմից, փաստացի, նաև Արցախ մուտք գործելուն։
«Նրա՛նք բերեցին այն պայմանների, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր թուրքեր են։ Թուրքեր են՝ հենց այնպես ասված խոսք չէ։ Պատերազմից առաջ յուրաքանչյուր հակամարտող կողմ փորձում է իրեն աջակցողներին, իր գործակալներին գտնել։ Այսօր կարծում եմ, որ գործակալներ կան Թուրքիայից, Ադրբեջանից՝ Հայաստանում։ Նրանք նաև Արցախում են։ Պատերազմից հետո նրանք մխրճվել են մեր տարածք, մեր սահմաններում են։ Ավելին, նաև փորձում են Սյունիքի հատվածով, ապաշրջափակման ֆոնի ներքո, միջանցք բացել։ Սյունիքով ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման՝ տնտեսական ճնշմամբ, նաև ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ»,- ասել է Սեյրան Օհանյանը։
Նա հավելել է, որ այս ամենը կանխելու համար է անհրաժեշտ ազգային դիմադրություն ձևավորել,թույլ չտալ, որպեսզի Հայաստանը թրքացվի, իսկ Արցախը հայաթափվի։
«Կոչ եմ անում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այս ամենը գիտակցելով, նոյեմբերի 8-ին գա Ազատության հրապարակ, ցույց տա իր ըմբոստ կեցվածքը, բոլորս ցույց տանք մեր միասնական կամքը»,- ասել է Սեյրան Օհանյանը։
Նա հայտնել է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։