05/11/2021 20:50
Հովհաննես Հովսեփյան. Չալոյանն ունի չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները
Բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին իսկ օրվանից մրցավայրում հայ բռնցքամարտիկների կողքին է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Եզրափակչից առաջ ՀԲՖ մամուլի ծառայությունը զրուցել է Հովհաննես Հովսեփյանի հետ: Հարցազրույցը հրապարակել է armsport.am-ը։
Հիշեցնենք՝ Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը երեկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։ Իսկ Դավիթ Չալոյան – Մարկ Պետրովսկի մենամարտը կկայանա Երևանի ժամանակով ժամը 22:30-ից 23-ն ընկած ժամանակահտվածում:
-Պարոն Հովսեփյան, աշխարհի առաջնությունում մենք ունենք եզրափակչի մասնակից և ևս մեկ բրոնզե մեդալ: Հայկական բռնցքամարտում այսպիսի արդյունք ավելի քան 12 տարի չէր եղել: Երբ գալիս էինք աշխարհի առաջնության, հավատու՞մ էիք, որ նման արդյունքի կհասնենք:
-Իհարկե, հավատում էի, նաև ավելին էինք սպասում, բայց որոշ բռնցքամարտիկների մոտ չստացվեց, ունեցանք նաև վնասվածք: Թեպետ երկու մեդալն էլ վատ արդյունք չէ, նույնիսկ Ուկրաինայի պես հարուստ ավանդույթներ ունեցող երկիրը կիսաեզրափակիում երկու մասնակից չուներ, իսկ Անգլիան, որը համարվում է բռնցքամարտի ուժեղագույն երկրներից մեկը, առհասարակ ոչ մի մասնակից չուներ կիսաեզրափակչում: Աշխարհի այս առաջնությունը շատ ուժեղ ու շատ բարդ էր, ուստի ես գոհ եմ արդյունքից, թեպետ սա դեռ մեր սահմանը չէ: Ես վստահ եմ, որ Դավիթ Չալոյանը կարողանալու է հաղթել : Նա բոլոր հնարավորություններն ունի հաղթելու և հայ ազգին չեմպինոական տիտղոս պարգևելու: Ամբողջ հայ ժողովուրդը սպասում է դրան:
-Հատկապես ո՞ր հատկանիշների շնորհիվ Դավիթ Չալոյանը հասավ եզրափակիչ, ու ի՞նչն է Ձեզ այդքան վստահություն տալիս, որ նա կարող է հաղթել։ Չէ՞ որ նա առաջնության էր եկել ոչ ֆավորիտի կարգավիճակով:
-Էական չէ՝ նա առաջնության է եկել ֆավորիտի, թե ոչ ֆավորիտի կարգավիճակով: Ես միշտ նշել եմ, որ ցանկացած բռնցքամարտիկի էլ հնարավոր է հաղթել, անգամ ֆավորիտներին: Եթե մարզիկն ունի կամային որակներ, տեխնիկատակտիկապես գրագետ է ու լսում է ռինգի անկյունում նստած մարզիչներին, նա կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Դավիթն այդ մարզիկն է: Նա լավագույնս իրեն դրսևորեց ռինգում և ցույց տվեց՝ ինչպես կարելի է հաղթել ֆավորիտներին, այդ թվում՝ օլիմպիական խաղերի մասնակիցներին, բանակայինների աշխարհի չեմպիոնին: Ընդ որում նա ռևանշի հասավ Մոսկվայում կրած պարտության դիմաց, իսկ դա խոսում է նրա կամային բարձր որակների մասին:
-Իսկ ավելի մասնագիտորեն ին՞չ պետք է անի ռինգում չեմպիոնական մենամարտում հաղթելու համար:
-Պետք է անի այն, ինչն արեց նախորդ 4 մենամարտերում: Չընկճվի, պայքարի մինչև վերջ: Վստահ եմ՝ մարզիչների հետ նա կուսումնասիրի, կգնահատի մրցակցին, որի արդյունքում մենք շատ մեծ հնարավորություններ կունենանք: