05/11/2021 15:09
Խոշոր ծրագիր ունենք Կապանում. 750 միլիոն դրամ կհատկացվի. Գնել Սանոսյան
2022 թվականի պետական բյուջեից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 335 միլիարդ 257 միլիոն դրամ:
«Միայն 209 միլիարդ 594 միլիոնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 միլիարդ 663 միլիոնը՝ ընթացիկ բնույթի», - Ազգային ժողովում հայտարարեց նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ տարածքային կառավարման մասով 8 խոշոր ծրագիր է իրականացվելու, որոնց մեջ ներառված է 131 միլիարդ 40 միլիոն դրամ:
Սանոսյանն ասաց, որ սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար կհատկացվի 1 միլիարդ 155 միլիոն դրամ. նախատեսված է ՀՀ 5 մարզի 23 համայնքի 81 բնակավայրի աջակցություն ցուցաբերել:
«Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիա է տրամադրվելու. նախատեսված է շուրջ 18 միլիարդ դրամ հատկացնել», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ Գյումրիում էլ խոշոր ծրագրեր ունեն. Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի համար նախատեսված է 2,5 միլիարդ դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ասաց, որ խոշոր ծրագիր ունեն նաև Կապան քաղաքում. 750 միլիոն դրամ կհատկացվի 151 բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետության ու էներգախնայողության ծրագերի համար:
Նախարարը նշեց, որ դպրոցների սեյմսիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի համար նախատեսված է հատկացնել 6 միլիարդ 192 միլիոն դրամ. 17 դպրոցի կառուցման, վերակառուցման աշխատանքներ կիրականացվեն:
«Հաջորդը այլընտրանքային աշխատանքային ծառության ծրագիրն է, այսպես ասեմ՝ հանգամանքներից ելնելով՝ կա այսպիսի ծրագիր ու 33 միլիոն դրամ է նախատեսված այն մարդկանց համար, որոնք այս ծրագրով կծառայեն, ոչ թե բանակում», - ասաց Սանոսյանը: