05/11/2021 20:40
Մարիամ Մերաբովան Երևանում ելույթ կունենա Նոդար Ռևիայի հետ
Նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Մարիամ Մերաբովայի «Գրիր ինձ ...» «Напиши мне...» խորագիրը կրող յուրօրինակ համերգում ելույթ կունենա նաև տաղանդավոր երգիչ, երգահան՝ Նոդար Ռևիան։ Ռուսաստանյան մամուլի, քննադատների ու երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես «մոսկվայաբնակ վրացի»։ «Գրիր ինձ...»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար` հաշվի առնելով Մարիամ Մերաբովայի առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իրականացվող նախագծերի նկատմամբ:
Նոդար Ռևիան երգիչ է, կոմպոզիտոր, ռուսաստանյան հայտնի հեռուստանախագծերի եզրափակիչների մասնակից, ինչպես նաև MUZ-TV ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր։ Նրա երգերը համեմված են վրացական բույրով, առանձնահատուկ սրտառուչ զգայունությամբ, կատարողական վառ անհատականությամբ։ Երաժշտության հանդեպ սերը, հավատարմությունն ու արտիստի մասնագիտական ազնվությունը Նոդարի ստեղծագործության անուրանալի սկզբունքներն են։
Արվեստագետներին միավորում է ընկերությունը, համերգային ծրագրերին համատեղ մասնակցությունն ու ամենակարևորը՝ երգը։