05/11/2021 23:04
ԱԱԾ-ից ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» բուժկենտրոնում Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ փաստաթղթեր են կազմվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են փոխանցվել, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և այդ տվյալները մուտքագրել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ դրանով հաստատելով վերջիններիս պատվաստված լինելու փաստը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, քանի որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունից այն փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։
«Աստղիկ» բժշկական կենտրոնն ու «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։