05/11/2021 16:01
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը գոնե այս պահին հիմնավոր չէ. Տնտեսագետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի հայտարարությունը, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ, գոնե այս պահին հիմնավոր չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։
«Տնտեսական խնդիրների լուծման հնարավորությունները կախված են մի քանի գործոնից՝ հնարավոր ռեսուրսներ, քաղաքական իրավիճակ և կառավարման արդյունավետություն։ Երեք ուղղությամբ էլ առայժմ կաղում ենք։ Հատկապես ցավալի է, որ կառավարման արդյունավետությունից ենք կաղում», - ասաց տնտեսագետը։
Աշոտ Թավադյանի խոսքով՝ դետերմինիստական հայտարարությունները միշտ քիչ հավանական են լինում, որովհետև պետք է տարբեր սցենարներ գնահատել և այդ սցենարներին համապատասխան որոշումներ կայացնել՝ ելնելով նրանից, որ կառավարման արդյունավետությունը բարձր մակարդակ ունենա։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն այսօր նաև հայտնել էր՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջին քայլը նախատեսում են անել 2023 թվականին և այս պահին ֆինանսների նախարարության գործընկերների հետ քննարկումներ են իրականացնում: