05/11/2021 20:30
Մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ սահմանելը զուտ քաղաքական խոստում է. տնտեսագետ
Մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ սահմանելը գնահատում եմ որպես զուտ քաղաքական խոստում, որի հիմնավորումներից մեկը կարող է լինել մարդկանց պահանջը՝ ստանալու որոշակի մինիմում ապահովող գումար։ Քաղաքական դաշտում գտնվող այս խոստման համար ուրախ կլինեն աշխատավարձ ստացողները, տխուր՝ վճարողները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում աաց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։
«Բայց ինչպես սա կազդի տնտեսության և գործարար համայնքի վրա, այլ հարց է։ Ես կուզեի ուրիշ բան տեսնել, որ ոչ թե նվազագույն աշխատավարձ, այլ նվազագույն չհարկվող աշխատավարձ ֆիքսվեր, որը գոնե մի փոքր կհակակշռեր այս հարթեցված հարկային համակարգի ոչ պրոգրեսիվ բնույթը»,- ասաց տնտեսագետը։
Աշոտ Խուրշուդյանը նվազագույն աշխատավարձի վերաբերյալ որոշում կայացնողներին խորհուրդ տվեց ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել նախորդ անգամ նմանօրինակ որոշում կայացնելը։
«Հայաստանում հետազոտություն չի արվել, թե ինչպես է տնտեսության և սոցիալական վիճակի վրա ազդել 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ֆիքսելը։ Գոնե պետք է գնահատական լինի, որի հիման վրա հաջորդ ճիշտ որոշումը կկայացվի։ Իսկ այդպիսի գնահատական Հայաստանում չկա»,- նշեց Աշոտ Խուրշուդյանը։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն այսօր հայտարարել էր՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ։ Նա նաև հայտնել էր՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջին քայլը նախատեսում են անել 2023 թվականին և այս պահին ֆինանսների նախարարության գործընկերների հետ քննարկումներ են իրականացնում։