05/11/2021 10:43
Դուք մակրոտնտեսական կայունությունն առավել եք գնահատում, քան ՝ սոցիալական խնդիրների լուծումը. Պատգամավորը՝ ֆինանսների նախարարին
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր վերահաստատեց՝ կառավարությունը նախատեսել է 7 տոկոս տնտեսական աճ:
«Մենք կանխատեսում ենք, որ 2022 թվականի ընթացքում բարձր՝ 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք ու 2022 թվականի համար նախատեսվող անելիքները իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են այդ բարձր տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն», - Ազգային ժողովում ասաց նախարարը:
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն առաջիկա բյուջեի առանձնահատուկ տարբերությունը. դրանք անվտանգային, տնտեսական ու կրթության ոլորտի հետ կապված հարցերն են:
«Միայն կապիտալ նշանակության ծախսերը 2022-ի ընթացքում նախատեսվում է հասցնել 4,5 տոկոս համախառն ներքին արդյունքի նկատմամբ ու դա այն ճանապարհն է, որով պետք բարձրացվի մեր տնտեսական պոտենցիալը ու երաշխիքներ ստեղծվեն առաջիկա տարիների բարձր տնտեսական աճի համար», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ տնտեսական բարելավված միջավայրն է, որ գալիք տարիներին պետք է թույլ տա բարձրացնել նաև սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը:
Խաչատրյանը նշեց՝ միջին կենսաթոշակները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ ասաց, թե համաձայն չէ նախարարի հետ: Ըստ պատգամավորի՝ Խաչատրյանը չնշեց այն կարևոր գործոնը, որն առկա է՝ գնաճը, որը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման:
«2020 թվականի աղքատության ցուցանիշը առնվազն դեռ հրապարակված չէ, բայց, Համաշխարհային բանկի գնահատմամբ, մենք ունենք 7 տոկոսային կետ աղքատության մակարդակի աճ, 2021-ը չենք ավարտել ու հիմա ունենք այդ գործոնը, որը իրական եկամուտնեի նվազման մասին է խոսում: Հիմա, երբ մենք ասում ենք ապագայում ստեղծենք հնարավորություն և այլն, ես պետք է անդրադառնամ հետևյալին՝ ծախսերը աճում են 18-ից ավելի տոկոս, եկամուտներն աճում են մոտ 29 տոկոս ու մի կարևորագույն ցուցանիշ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին պետության կողմից վճարվող գումարները հաջորդ տարի պլանավորել եք 106 միլիարդ դրամ, սա ակնհայտ է՝ չունի ընթացիկ սոցիալական ազդեցություն հաջորդ տարի», - ասաց պատգամավորը:
Ավետիսյանը նշեց՝ այստեղ մոտեցումը բալանսավորված չէ ու խախտված է ՝ ի վնաս սոցիալական ոլորտի:
«Դուք մակրոտնտեսական կայունությունն առավել եք գնահատում, քան՝ սոցիալական խնդիրների լուծումը, սա ակնհայտ երևում է թվերից», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքեց՝ այն որոշումները, որ կայացրել են հաջորդականության տեսանկյունից, կարծում են՝ երկարաժամկետ առումով ավելի կայուն են, որովհետև նպատակաուղղված են ամուր տնտեսական հիմքեր ստեղծելուն: