06/11/2021 13:19
«3+3» ձևաչափը կենսունակ չէ․ քաղաքագետ
«3+3 ձևաչափը, որում միաժամանակ կարող են ներգրավված լինել Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, պարզապես չի կարող աշխատել»,- փորձագիտական քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քաղաքագետը այս ձևաչափի էական խոչընդոտ համարեց տարածաշրջանային երկրների միջև առկա հակասությունները։
«Նույնիսկ եթե ֆորմալ այդ ձևաչափը գոյություն ունենա, ու պատկերացնենք, որ ստորագրվել են համաձայնագրեր, փաստաթղթեր, եղել են հայտարարություններ, միևնույն է, այդ ձևաչափը չի աշխատի: Պատճառն այն է, որ այս 6 երկրների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև ամբողջությամբ հակադարձ բևեռներում են: Այն, ինչ ուզում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, մյուս երկրները, մեկը մյուսին հակասում են»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան այս ձևաչափ գաղափարն առաջ քաշելով՝ փորձում է Հարավային Կովկասում հաստատել իր ազդեցությունը՝ որպես որոշում կայացնող ու դա ինստիտուցիոնալիզացնել։