06/11/2021 17:38
Անհայտ անձինք գողացել են բարձր լարման տակ գտնվող կոնտակտային ցանց. երթևեկությունը ժամանակին դադարեցվել է, զոհեր և վիրավորներ չկան
Նոյեմբերի 4-ին անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում գողացել են 120 մետր կոնտակտային ցանց՝ կտրելով 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը: Վերականգնողական աշխատանքները տևել են 5 ժամ, այդ ընթացքում դադարեցվել է բեռնատար գնացքների շարժը։
Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որի ներկայացուցիչները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել։
Երկաթուղու գույքի գողության և վնասման դեպքերը գնալով հաճախակիանում են և դառնում վտանգավոր։ Եթե նախկինում գրանցվել են երկրորդական ուղիների լարման տակ չգտնվող կապի մալուխների կամ կոնտակտային ցանցերի գողության դեպքեր, ապա այս դեպքն աչքի է ընկնում գործողությունների անխոհեմությամբ։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ երթեւեկությունը ժամանակին դադարեցվել է։
ՀԿԵ-ն քաղաքացիներին կրկին զգուշացնում է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության չափանիշների խախտման վտանգի մասին։ Երկաթուղային համակարգերի աշխատանքին վնասակար միջամտությամբ քաղաքացիները վտանգում են ոչ միայն իրենց առողջությունն ու կյանքը, նրանց գործողություններից կարող են տուժել նաև երրորդ անձինք։