06/11/2021 18:58
Կորոնավիրուսի այսպիսի գրոհի պայմաններում ռիսկային խմբում գտնվող Արմեն Չարչյանին և Աղվան Հովսեփյանին կալանավորված պահելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ․ փաստաբան
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ՔԿՀ-ներում պահվող, կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ բժիշկների վերահսկողության ներքո, իսկ օրերս արձանագրվել է ՔԿՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. մահացել է 40-ամյա դատապարտյալ։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը խոցելի խմբում են, ունեն այլ հիվանդություն՝ շաքարային դիաբետ, սակայն նրանց ևս շարունակում են պահել նախնական կալանքի տակ, թեև նրանցից ոչ մեկը քննությունից խուսափելու փորձ երբևէ չի արել։ Բացի այդ, Արմեն Չարչյանի գործով նախաքննությունը ավարտվել է և գտնվում է դատաքննության փուլում, գրում է «Փաստինոֆո»-ն։
Նրանց պաշտպանությունն իրականացնող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կայքի հետ զրույցում ասել է՝ թե՛ Արմեն Չարչյանը, թե՛ Աղվան Հովսեփյանը կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում են, ավելին, քաղաքացիական հիվանդանոցում իրականացված հետազոտությունների արդյունքում բժիշկների կողմից ևս արձանագրվել է, որ Արմեն Չարչյանը, պայմանավորված իր հիվանդություններով, ռիսկային խմբում է։
«ՔԿՀ-ներում կորոնավիրուսի վարակման մեծ աճով պայմանավորված և նրանց՝ ռիսկային խմբում գտնվելու պարագայում հավանականությունը մեծ է, որ կարող են կորոնավիրուսով վարակվել։ Հաշվի առնելով նրանց տարիքը, հիվանդությունները՝ հետևանքները կարող են անդառնալի լինել, հետևաբար, կորոնավիրուսի թվի նման աճի, առկա հիվանդության պայմաններում նրանց անազատության մեջ պահելն ուղղակի չի բխում անձնական ազատության բուն էությունից և անհարգալից է այդ իրավունքի նկատմամբ»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն ակներև արհամարհում են նաև ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի խորհրդատվական կարծիքը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ իրականացվող հետապնդումները աղերս չունեն իրավաբանության և իրավական պետության հետ, և գործ ունենք իրավական «բեսպրեդելի» հետ։