06/11/2021 14:46
Առևտրի, ծառայության ոլորտներում մեծ կորուստներ կլինեն․ տնտեսագետը՝ կորոնավիրուսի և սահմանափակումների տնտեսական հետևանքների մասին
Համաճարակային իրավիճակի սրման ֆոնին առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկներով է հանդես գալիս, որոնցից մեկով ռեստորաններ, սրճարաններ, ինչպես նաև մշակութային կենտրոններ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն պատվաստված լինելու դեպքում: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում անրադարձել է դրա տնտեսական հնարավոր հետևանքներին՝ հանրային սննդի ոլորտի օրինակով։
«Ստացվում է՝ ոլորտը կշարունակի աշխատել, եթե այդ վայրեր այցելեն պատվաստված մարդիկ: Նման սահմանափակումներ կան աշխարհի շատ երկրներում: Հայաստանի կառավարությունն էլ է այդ ճանապարհով ուզում գնալ, թեպետ մեզ մոտ բավականին ցածր է պատվաստման ցուցանիշը: Մենք չունենք այնպիսի բարձր ցուցանիշ, որ, ի հաշիվ պատվաստվածների, կարողանանք թույլ տալ, որ հանրային սննդի ոլորտն աշխատի: Կտրուկ սահմանափակումների դեպքում ոչ միայն կճնշվի տնտեսական ակտիվությունը, և տնտեսական անկում կլինի, այլև կառավարությունը պարտադրված կլինի լրացուցիչ ֆինանսական ծախսեր կատարել, ինչպես անում էր 2020-ին, այնինչ այս պահին պատրաստ չէ նման գումարներ տրամադրել»,- ասել է տնտեսագետը։
Նրա դիտարկմամբ՝ կառավարության քայլերը որոշ դեպքերում տրամաբանական են, բայց՝ ուշացած:
«Կառավարության քայլերը ուշացած են, քանի որ վարակը մեզ մոտ մոլեգնում էր, բայց համապատասխան քայլեր ի սկզբանե չէին իրականացվում: Այս ամենի հետևանքով տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը մեր երկրում է, մեկ շնչին ընկնող մահերի թվով ևս վատթարագույն պատկեր ունենք: Մենք հակառեկորդ ենք գրանցում: Կառավարությունը բաց է թողել քայլեր ձեռնարկելու ժամանակահատվածը, իսկ հիմա փորձում է հետևանքները մեղմել: Որքան էլ փորձի խուսափել ամբողջական լոքդաունից, դրական սպասումներ առաջացնի, այս իրավիճակը հստակ ազդելու է տնտեսական ակտիվության վրա: Մենք ոչ միայն կյանքեր, այլև տնտեսական աճ, զարգացում, սպասումներ կորցրինք, բացասական այլ հետևանքներ ունեցանք: Տնտեսական ակտիվության ցուցանիշը գնալով նվազում է»,- ասել է նա։
Սուրեն Պարսյանը հիշեցրել է, որ հուլիսից տնտեսական ակտիվության ցուցանիշը, նվազելով, հասել է 4,4 տոկոսի։
«Սա վկայում է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար նորից ցածր տնտեսական ակտիվության ցուցանիշներ կունենանք: Կորոնավիրուսն ու սահմանափակումները հստակ ազդեցություն են թողնելու: Բացի այդ, այս ամենին գումարվում են բացասական սպասումները: Բիզնեսը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, օրինակ՝ ռեստորան կամ բար բացելու առումով: Այսինքն, ազդեցություն կա նաև ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա: Կառավարությունն այս պահին ամբողջական տեղեկություն չի հրապարակում, որ կարողանանք գնահատել, թե վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսի թողած տնտեսական հետևանքներն ինչպիսին կլինեն, բայց ակնհայտ է, որ հատկապես առևտրի, ծառայության ոլորտներում մեծ կորուստներ է առաջացնելու»,- ընդգծել է Պարսյանը։