07/11/2021 23:22
Ես ուզում եմ, որ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրի ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից․ Փաշինյան
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի ձևավորման շուրջ քննարկումներում պետք է առաջնային գործոն դիտարկել ոչ թե այնտեղ ներկայացված ուժերի բալանսը, այլ ճշմարտության բացահայտումը։
«Մենք ուժերի բալանսի մասի՞ն ենք խոսում, թե՞ ճշմարտության բացահայտման մասին։ Ի վերջո, այնտեղ տեղի է ունենալու բովանդակային քննարկում, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել արտահայտել իր կարծիքը, եթե կեղծիք լինի, մատնանշել այդ կեղծիքը և ապացուցել այդ կեղծիքի առկայությունը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ հանձնաժողովը մինչև հիմա չի ստեղծվել, որովհետև ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել պետական հույժ գաղտնի նյութերի հետ առնչվելու թույլտվություն, բացի այդ, արտախորհրդարանական ուժերի, նաև զոհվածների և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչների ներգրավվածության խնդիր կա, որը լուծելու տարբերակները քննարկվում են։
«Արտախորհրդարանական ուժերն ասել են, որ երեք ներկայացուցիչ լինի, ես ասել եմ՝ խնդիր չունենք և առաջարկել եմ, որ ընտրեն։ Քվեարկություն է տեղի ունեցել, 3 հոգու ընտրել են։ Այսինքն, արտախորհրդարանական ուժերի ներգրավվածությունը մենք, ըստ պայմանավորվածության, պետք է ապահովենք, բայց այսպես, թե այնպես, հանձնաժողովում հավասարակշռվածությունը չի կարող խախտվել, որովհետև մենք չենք կարող մարդկանց պատգամավորի կարգավիճակ տալ։ Այո, հանձնաժողովի աշխատանքներին նրանք ազատ կմասնակցեն, նրանք էլ ազատ կլինեն տեսակետներ, կարծիքներ արտահայտել, հարցեր հնչեցնել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց նաև, որ ինքն էլ շահագրգռված է, որպեսզի ձևավորվելիք հանձնաժողովը հստակ պատասխաններ տա հանրության մոտ եղած հարցերին։ Մասնավորապես պատասխանի, թե ՍՈՒ-30-երը գնելը ճի՞շտ էր, թե՞ ոչ։
«Ես մի քանի գրություններ եմ ստացել այն մասին, որ դա պետք չէ ձեռք բերել։ Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ կա պրոֆեսինոլ մարմին, քննարկենք և պատասխան տվեք․ ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ։ Քննարկել են և գրավոր պատասխանել, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կառնենք։ Ես ուզում եմ, որ քննիչ հանձնաժոովն այդ հարցին պատասխանի»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ ուզում է նաև, որպեսզի քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ սկսած 1994 թվականից։
«Ես ուզում եմ, և կարծում եմ՝ հանրությունն էլ, որ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրի բանակցային գործընթացը։ Ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո, որովհետև եթե մենք դա չուսումնասիրենք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ի վերջո։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի արձանագրվի, թե 2018 թվականին մենք բանակցային գործընթացը ինչ վիճակում ենք ժառանգել։ Եվ էական չէ նույնիսկ՝ ինչպես ենք ժառանգել։ Ի՞նչ է տեղի ունեցել բանակցային գործընթացում։ Որովհետև մինչև չխորանանք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։