07/11/2021 21:58
Նոյեմբերի 9-ից հետո շուրջ 28 զոհ ենք ունեցել. շատ անհանգստացնող փաստ է. Նիկոլ Փաշինյան
«Հանրային» հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Նրանք այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են ու սա պետք է արձանագրել», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ կրակի դադարեցման ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում ու սա արձանագրել են նաև խաղաղապահները:
«Հույս ունեմ՝ այդ դեպքերին պատշաճ հետաքննություն կիրականացվի ու կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ», - ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը բազմաթիվ վիրավորներ ու զոհեր է ունեցել:
«Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես, Խծաբերդ-Հին թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերը, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել ու սա, իհարկե, շատ անհանգստացնող փաստ է, պիտի ասեմ՝ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք», - նշեց վարչապետը:
Փաշինյանը հայտարարեց՝ հաստատված 40 գերիների մեծ մասը՝ 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ու մինչև այժմ ազատ չի արձակվել:
Նա նշեց, թե մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն՝ չնայած, որ այս ուղղությամբ շատ կարևոր աշխատանք է տարվում. Փաշինյանը հույս հայտնեց առաջիկայում կոնկրետ արդյունքերի հասնել:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանգել է այն մտահոգության, թե, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է ռուս խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ: