08/11/2021 18:54
«Երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի». ընդդիմությունը հայտարարեց համազգային դիմադրության մեկնարկի մասին (Տեսանյութ)
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը:
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ութ ամիս շարունակ փողոցում պայքարել են, բայց իրենց նպատակին դեռ չեն հասել:
«Մեր քայլերի ու գործողությունների արդյունքում, բայց ոչ երբեք մեր պայմանավորվածությունների կամ մեր որոշմամբ երկրում տեղի ունեցավ ընտրություն, մենք այդ ընտրությունը դիտարկեցինք իբրև միջոց ու հնարավորություն այս իշխանություններին հեռացնելու, ցավոք, այդ ընտրություններին հաղթեց սուտն ու կեղծիքը, պոպուլիզմն ու ամբոխավարությունը, վարչական լծակներն ու բռնաճնշումները ու այս իշխանությունը վերարտադրվեց՝ երկիրը տանելով նոր կորուստների, նոր զիջումների», - ասաց Սաղաթելյանը:
Նա նշեց, որ ընտրություններից հետո շարունակվում են նոր կորուստները, թշամին շարունակում է ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ իշխանությունների կողմից չկա պայքար ու դիմադրություն:
«Կեղծ, ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, թե պատերազմն ավարտված չէ. ժամեր առաջ Շուշիի մոտակայքում զոհ ենք ունեցել ու թշնամին շարունակում է հավակնություն ունենալ Սյունիքի նկատմամբ, փորձում է հայաթափել Արցախը ու թուրքացնել Հայաստանը:
«Ի՞նչ պետք է անենք մենք, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը, պետք է ձևավորել համազգային դիմադրություն, եկեք պայմանավորվենք՝ այսօր, այստեղից՝ Ազատության հրապարակից, հիմք ենք դնում համազգային դիմադրության. դիմադրություն, որ կկանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումն ու կկանխի նոր կապիտուլյացիան», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, թե համազգային դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին ու ներքին: Արտաքին ճակատում ողջ աշխարհին, մասնավորապես, թշնամիներին, պետք է ցույց տալ ու ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ:
«Նիկոլը չունի մանդատ երկիրը տանելու նոր զիջումների. մենք այսօր պետք է արձանագրենք ու ձևակեպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեր կողմից լինելու է անընդունելի», - ասաց Սաղաթելյանը:
Երկրորդ ճակատում, ըստ Սաղաթելյանի պետք է դիմադրություն ցույց տալ ներքին կյանքում. ցույց տալ դիմադրություն երկիրն ու պետությունը քայքայող բոլոր երևույթների նկատմամբ՝ լինի դա բռնությունների, դատական համակարգի, պետական բյուջեն գողանալու, կրթության, առողջապահության, բանակի, ուժային կառույցների:
«Բոլոր ոլորտներում պետք է ձևավորենք մեծ ու փոքր դիմադրություն՝ մեր պետության անկումը կանխելու համար» , -ընդգծեց Իշխան Սաղաթելյանը: