08/11/2021 19:54
Բոլոր հարցերի պատասխանը մեկն է՝ Նիկոլի ու իր խմբակի հեռացումը. Վահե Հակոբյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ այսօր ամենակարևոր խնդիրը շարունակական պարտությունը դադարեցնելն է:
«Այո, մեզ այսօր պետք է խաղաղություն, բայց մեզ այսօր պետք է արժանապատիվ խաղաղություն, ոչ թե այն կեղծ օրակարգերը, որ բերում են, ուզում են «կերցնեն» մեզ», - Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հակոբյանը:
Նա ընդգծեց՝ շարունակական զիջումներով արժանապատիվ խաղաղության չենք հասնի, իսկ իշխանությունը հայ ժողովրդին տանում է խաղաղության կեղծ օրակարգով:
«Այս ամենաթողությունը բերելու է մեր ազգի կործանմանը, ինչն ուզում են ստանան այս իշխանությունները: Մենք պետք է դիմադրենք պարտվողական հոգեբանությանը ու քաղաքականությանը, որը վարում է այս կառավարությունը», - ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ հայ ժողովուրդը, բանակը չի պարտվել թուրք-ադրբեջանական տանդեմին, պարտվել է իշխանությունը: Նա նշեց, թե այս բոլոր հարցերը չեն կարող չանդրադառնալ սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Ընդդիմադդիր պատգամավորն ասաց, թե 2022 թվականի բյուջեն նկարչություն է:
«Այս անլուրջ ու անհեռատես Նիկոլի ու իր խմբակի մոտեցումներն ու քայլերը մեզ տանում են կործանման ու, այո, մենք պետք է դառնանք մեկ բռունցք և փողոցում, և խորհրդարանում: Ո՞րն է բոլոր հարցերի պատասխանը, պատասխանը մեկն է՝ Նիկոլի ու իր խմբակի հեռացումը», - հայտարարեց Վահե Հակոբյանը: