08/11/2021 13:48
Բողոքի ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմում են հանձնել Դատախազություն
«Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթով հասան Գլխավոր դատախազության շենքի մոտ և Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով դիմումը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազութուն։ Դրա մի օրինակն արդեն կառավարությունում է։
«Պարտավոր ենք իբրև հայ, իբրև պատասխանատու մարդիկ, մեր ձայնը բարձրացնել ապօրինության դեմ։ Հանցագործության կատարման հաղորդում ենք ներկայացնում։ Հայաստանում չկա մի մարդ, որին կարելի է Սահմանադրությունը ոտնատակ անել։ Եթե կա, ցուցակը թող գրեն, տան մեզ, մենք հասկանանք, որ այդպիսի արտոնյալ մարդիկ կան։ Պաշտոնապես հանձնում ենք հանցագործության կատարման մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազությանը և դատախազին», - հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Նրանք նշեցին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը չի համապատասխանում միջազգային նորմերին, ՀՀ օրենսդրությանն ու Սահմանադրությանը։ Բացի այդ, Փաշինյանն իրավասու չէր Արցախի տարածքների հետ կապված համաձայնագիր ստորագրել։
27 կազմակերպությունների ստորագրությամբ դիմումը Գլխավոր դատախազությանը հանձնեց «Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժման համակարգող Արթուր Բաբայանը։ Կառույց մտնելուց առաջ նա հայտարարեց․
«Հայաստանի գործող օրենսդրությամբ որևիցե անձ իրավունք չունի միջպետական փաստաթուղթ ստորագրել Արցախի տարածքների համար։ Փաստորեն, այսօր վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանն իր պարտականությունները վերազանցել է, խախտել է սահմանադրական կարգը, որի առնչությամբ էլ Գլխավոր դատախազություն հայց ենք ներկայացնում հանցագործության մասին»։