08/11/2021 20:49
ՍՈՒ-30-երը ձեռք բերելու պատասխանատուներն Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն են, իսկ Փաշինյանը պատասխանատու է, որ, առանց խորը ուսումնասիրելու, ֆինանսավորել է․ Մովսես Հակոբյան
Նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը մի քանի գրություն է ստացել՝ փաստող, որ ՍՈՒ-30 կործանիչները ձեռք բերելը նպատակահարմար չէ։
«Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ կա պրոֆեսինոլ մարմին, քննարկենք և պատասխան տվեք․ ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ։ Քննարկել են և գրավոր պատասխանել, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կառնենք»,- ասաց Փաշինյանը։
Թեմայի առնչությամբ Hraparak.am-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ։ Վերջինս փաստել է, որ ՍՈՒ-30-երը գնելուն դեմ արտահայտվողներից մեկն ինքն է եղել։
«Գրավոր գրողներից մեկն էլ ես եմ եղել, որ ասել եմ՝ դա մեզ պետք չէ, բայց բանակը պնդել է, որ իրենց պետք է, և գնել են»,- ասել է Հակոբյանը։ Նա հավելել է, որ տեղյակ չէ՝ բանակից պահանջե՞լ են արդյոք, որպեսզի ՍՈՒ-30-երի հետ նաև հրթիռներ ձեռք բերվեն։
Հարցին՝ «Իսկ Դուք ինչո՞ւ էիք գրավոր դեմ արտահայտվում ՍՈՒ-30 СМ-երի գնմանը», Մովսես Հակոբյանը պատասխանել է․ «Որովհետև իմ գիտելիքները ինձ թույլ չէին տալիս, որ դրան կողմ արտահայտվեմ»։
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետն ասել է նաև, որ իքնաթիռները ձեռք բերելու պատասխանատուներն Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն են։
«Դրա պատասխանատուն իրենք են, իսկ Նիկոլը պատասխանատու է, որ առանց խորը ուսումնասիրման ֆինանսավորել է»,- ասել է Մովսես Հակոբյանը։
Կայքի դիտարկմանը՝ այսինքն, Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն ինչ ասել են, Փաշինյանը, առանց հասկանալու, գնե՞լ է, Հակոբյանն արձագանքել է․ «Իմ կարծիքով, դա այդպես է»։