08/11/2021 17:38
Այս իշխանությունն էր՝ կանոնավոր բանակը վերածեց ջոկատների, մոբիլիզացիոն ամբողջ պլանը՝ ջոկատային գործողությունների, իսկ այսօր մեղքի մեծագույն բաժինն ուղղում է բանակին․ Օհանյան
Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում այսպիսի բան նկատեցի՝ փորձում է մեղքերն ուղղել բոլորի ուղղությամբ, բայց ոչ իրենց։ Նկատեցի, որ մեղքերի մեծագույն բաժինը փորձում է ուղղել բանակի ուղղությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք բանակ ունեցել ենք․ այս իշխանություններն են, որ տարիներով ստեղծված բանակը քաղաքականացնելով, կառուցվածքային ոչ լիարժեք, արագ կադրային փոփոխություններ իրականացնելով, մարտական ստորաբաժանումները կրճատելով՝ իջեցրել են մարտունակության աստիճանը, հաղթանակած բանակը դարձրել են պարտված բանակ: Եթե բանակն է մեղավոր, ինչպե՞ս է մարտական գործողությունների տարբեր հատվածներում լիարժեք իր առջև դրված խնդիրներն իրականացրել։ Ինչո՞ւ պետության ղեկավարությունը չի կարողացել ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը և գլխավոր հարվածի ուղղությամբ վերախմբավորում կատարել, կանգնեցնել հակառակորդին, ինչո՞ւ հենց այդ գլխավոր հարվածի մխրճման ուղղությամբ խրախուսել է բանակի՝ տվյալ ուղղությամբ ղեկավարությանը: Ինչո՞ւ պետության ամբողջ ներուժը չէր դրվել ռազմական ռելսերի վրա: Սրանք հարցեր ենք, որոնց պետք է պատախանի այսօրվա իշխանությունը», - ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ պատերազմի ժամանակ իշխանությունը կանոնավոր բանակը վերածել է ջոկատների։
«Իրենք են, որ բանակի մոբիլիզացիոն ամբողջ պլանը պատերազմի ժամանակ վերածեցին ջոկատային գործողությունների։ Գոյություն ուներ պլան», - շեշտեց Սեյրան Օհանյանը: