08/11/2021 10:38
Երեկվա դրությամբ Հայաստանում իրականացվել է 890 հազար 797 պատվաստում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս մեկ անգամ փաստում է՝ կորոնավիրուսի հետևանքով մահից խուսափելու միակ տարբերակը պատվաստումն է։
«Պատվաստումներն այն միջոցն են, որոնք երկրներում բերում են իրավիճակի կայունացման, մահվան դեպքերի նվազման», - Ազգային ժողովում հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ այն երկրները, որտեղ պատվաստումների ցուցանիշներն անցնում են 70 տոկոսից, այդ երկրներում հիվանդանոցային օղակի վրա ճնշումն ու մահացության դեպքերը կտրուկ նվազում են ունենում։
Ավանեսյանի խոսքով՝ երեկվա դրությամբ Հայաստանում իրականացվել է 890 հազար 797 պատվաստում։
«Մենք փաստում ենք՝ պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են ու միակ միջոցն են, որ կանխում են մահերը», - ասաց նա։
Առողջապահության նախարարը նշեց, որ Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 613 հազար 849 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 279 հազար 948 քաղաքացի։
«Օրական ունենում ենք միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ», - հավելեց Ավանեսյանը։