08/11/2021 19:26
Ո՞ւր էր երկրի ղեկավարությունը, երբ մխրճում տեղի ունեցավ հարավային հատվածում, և չկարողացան գնալ, բանակին թիկունք կանգնել. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Այս օրերին հնչում են այսպիսի խոսքեր, թե բանակը խոսք էր տվել՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պայքարելու։ 260 կմ –ից ավելի տարածքում «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հրամանատարներն ու զինվորները կռվել են։ Իսկ ո՞ւր էր այս պետության ղեկավարությունը, երբ մխրճում տեղի ունեցավ հարավային հատվածում և չկարողացան գնալ, բանակին թիկունք կանգնել, վերախմբավորում անել և այդ դժվար պահին բանակի և հրամանատարի, զինվորի կողքին կանգնել, Ազատության հրապարակում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ բանակին զորավիգ լինելու փոխարեն իշխանությունը զբաղված է սեփական գործունեությունը գովաբանելով, բանակի առաքելությունը, խորհուրդն ու իմաստը ձևախեղված ներկայացնելով։
«Այս իշխանությունները բանակի նկատմամբ անփույթ վերաբերմունքով, անգրագետ կառավարմամբ, կարելի է ասել նաև՝ դավադիր գործողություններով չկարողացան ապահովել ո՛չ բանակի զարգացումը, ո՛չ պատերազմի ժամանակ հաջողությունները», - նշեց Սեյրան Օհանյանը։
Նա շեշտեց, որ անհաջողությունների շարանը այս ամենի հետևանքով եկել, հասել է ՀՀ սահմաններ։
«Ի՞նչը չեն արել, ի՞նչ պետք է անեին և ի՞նչ էր նշված մեր ծրագրերում, եթե մենք լինեինք իշխանության։ Առաջին հերթին պետությունը, կառավարությունը, Անվտանգության խորհուրդը պետք է բոլոր ուժերը, նաև զինվորական, ռազմական, փորձագիտական բոլոր հնարավորություններն օգտագործեին և վերանայում անեին, որի ընթացքում կորոշվեր յուրաքանչյուր պետական կառույցի, գերատեսչության դերը, նշանակությունը և գործողությունները։ Այդ դեպքում շատ-շատերն՝ այսօրվա իշխանությունից, չէին ասի՝ թող ուսանողները վերցնեն շահերը և գնան սահման, խրամատներ փորեն։ Նրանք կիմանային, որ պետությունն ունի այդ բոլոր հնարավորությունները, ինժեներական և շինարարական ամբողջ ներուժը, և նաև անձնակազմին մոբիլիզացիա անելով՝ կարող է տանել և սահմանը կահավորել։ Չեն արել», - ասաց Սեյրան Օհանյանը։
Բանակն ամրապնդելու փոխարեն գործող իշխանությունները, նրա խոսքով, քանդում են այն, պոպուլիզմով զբաղվում, անվտանգային սրված այս իրավիճակում ազդարարում զինծառայության ժամկետը կրճատելու մասին։