09/11/2021 18:21
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրքական ռազմաքաղական ղեկավարությունը և թուրք զինվորականները վճռորոշ դեր են ունեցել 44-օրյա պատերազմում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր կայացած մամուլի ասուլիսում մի շարք ձևակերպումներ է արել՝ անթաքույց խոստովանելով, որ թուրքական ռազմաքաղական ղեկավարությունը և թուրք զինվորականները վճռորոշ դեր են ունեցել 44-օրյա պատերազմում։
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար։
«44 օրերի ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ Ադրբեջանի կողքին էր, ցուցաբերում էր քաղաքական ու բարոյական աջակցություն։ Ադրբեջանական բանակի անձնակազմի պատրաստվածությունն իրականացվել է Թուրքիայի ԶՈՒ ուսումնամարզական կենտրոններում։ Բոլորին հայտնի է, որ Թուրքիան ունի աշխարհում ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք օգտագործեցինք Թուրքիայի ԶՈՒ-ի փորձը և շարունակում ենք դա անել հիմա»,- ասել է Հասանովը։
Նա նշել է, որ ինքն էլ շատ բան է սովորել թուրք գեներալներից, իսկ պատերազմից հետո, Ալիևի հրամանով վերլուծելով պատերազմի արդյունքները, ադրբեջանական բանակը թուրքական ԶՈՒ-ի մոդելով վերակազմակերպելու գործընթաց են սկսել․ մի քանի նոր օպերատիվ կառույցներ են ստեղծում, որոնցում ներգրավված շատ զինծառայողներ ուսուցումն անցնում են Թուրքիայում, Ադրբեջան վերադառնալուց հետո շարունակում ծառայությունը՝ ամենակարևոր միավորումներում։