09/11/2021 15:04
Այս պահին Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման խնդիրը որևէ նշանակություն չունի. Ռուբեն Մելքոնյան
Եթե Թուրքիան մեզ համար ռազմական-քաղաքական ոլորտներում կանխատեսելի թշնամի է, ապա Մեծ Բրիտանիան դիվանագիտության ասպարեզում մեզ շատ-շատ վնասներ պատճառած պետություն է։ Այնպես որ, Արցախի մի մեծ հատվածի կորստից հետո այդ երկրում քննարկել Հայոց ցեղասպանության խնդիրը և որոշում ընդունել-չընդունելու շուրջ ստեղծել ինտրիգ, կարծում եմ՝ բարոյական չէ։ Անկեղծ ասած՝ այս պահին Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման խնդիրը որևէ նշանակություն չունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը:
«Մի կողմից Մեծ Բրիտանիան աշխարհի կարևորագույն պետություններից մեկն է և նրա դիրքորոշումը Ցեղասպանության նկատմամբ, ինչ խոսք կարևոր է։ Բայց մյուս կողմից պետք է փաստենք, որ այդ երկրի շահերը շատ-շատ անգամ համընկնում են թուրք-ադրբեջանական շահերի հետ, և կարելի է ասել, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի ոչ ֆորմալ դաշնակիցն է։ Հակահայկական ամբողջ արշավում այդ երկիրն ունի իր կարևոր դերակատարումը։
Պատմության ընթացքում շատ հաճախ հենց Մեծ Բրիտանիան է հանդես եկել Հայաստանի, Հայկական հարցի, հայկական պահանջատիրության դեմ՝ այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Մեծ Բրիտանիան թուրք-ադրբեջանական հակամարդկային, ահաբեկչական ոճով մտածող շրջանակների դաշնակիցն է, ուստի նրա քայլերն ինձ համար որևէ բարոյական արժեք չունեն։ Դրա համար էլ չեմ ուզի, որ հայ հասարակությունը ֆիքսվի այդ քննարկման վրա», - ասաց Ռուբեն Մելքոնյանը։՚
Թուրքագետը շեշտեց՝ Ցեղասպանության ճանաչումը զուտ Մեծ Բրիտանիայի խնդիրն է՝ ապացուցելու ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հավատարմությունը։