09/11/2021 10:25
Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում մեկնարկող քննարկումները Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ կավարտվեն. Թուրքագետ
Մեծ Բրիտանիան շատ լուրջ պետություն է, և այդ երկրի Համայնքների պալատում այսօր քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը հաջողությամբ պսակվելու մեծ հնարավորություններ ունի։ Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը Ցեղասպանության ճանաչումով կավարտվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Եթե Մեծ Բրիտանիայում որոշել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշանակում է մանրազնին քննարկել են Թուրքիայի հակազդեցությունը և միջազգային ընկալումը։ Հավանաբար այդ երկրում հաշվարկել են բոլոր հնարավոր տարբերակները, մանավանդ, որ երկար ժամանակ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Մեծ Բրիտանիան լռություն է պահպանել», - նշեց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանի համոզմամբ՝ եվրոպական այդ երկրի՝ Ցեղասպանության ճանաչման հարցում ներկա ակտիվությունը պետք է պայմանավորել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության հետ։
«Եթե վերջինս ապրիլի 24-ի իր ուղերձում չարտասաներ «ցեղասպանություն» բառը, չեմ կարծում, որ Մեծ Բրիտանիան նման քայլի կգնար, այսինքն՝ վճռական է եղել նաև Բայդենի գործոնը։ Մեծ Բրիտանիան, այսպես կոչված, հիվանդագին հարցերում կողմնորոշվում է նրանով, թե ինչպես է վարվում Միացյալ նահանգները», - նշեց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանը շեշտեց՝ Մեծ Բրիտանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից զգուշանում է ոչ թե Թուրքիան, այլ՝ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Այդ մարդն այնքան է վարկաբեկվել, որ Թուրքիան մեկուսացել է. արաբական երկրներն անգամ Թուրքայի հետ հարաբերություններ չունեն», - իր խոսքն ամփոփեց թուրքագետը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը: