09/11/2021 15:09
2022-ին զգալիորեն բարելավվելու են կառավարության պարտքին վերաբերող հարցերը. նախարար
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին:
Ֆինանաների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծն ամբողջությամբ ձևավորվել է կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված, տնտեսական և սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունների հիմքով:
«Պետբյուջեի շրջանակը հատկապես կարևորում է գալիք տարում անվտանգային հարցերի, կրթական համակարգի, ինչպես նաև որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը, որոնք մեծ նշանակություն ունեն բարձր տեմպերով և ներառական տնտեսական զարգացման համար», - նշեց նախարարը:
Խաչատրյանի խոսքով՝ նախատեսվում է ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճի համար:
«2022-ին զգալիորեն բարելավվելու են կառավարության պարտքին վերաբերող հարցերը: 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63,5 տոկոս մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի 60,2 տոկոս մակարդակին: Էապես բարելավված կլինի պարտքի կառուցվածքը՝ դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը», - ընդգծեց ֆինանսների նախարարը:
Պետական բյուջեի նախագիծը ստացավ 4 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայն: