09/11/2021 18:24
Եթե Ադրբեջանն ասում է, որ Սյունիքը, Սևանն ու Երևանն իրենն են, ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել. Սուրեն Սարգսյան
Խաղաղություն հաստատվում է այն դեպքում, երբ հակամարտող բոլոր կողմերը ցանկանում են, որ խաղաղություն հաստատվի։ Եթե կողմերից մեկը դեմ է խաղաղության հաստատմանը, միայն մեկ կողմի ցանկությամբ խաղաղություն չի կարող լինել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդի սպանության ֆոնին ՀՀ ղեկավարության՝ խաղաղության դարաշրջան բացելու հայտարարություններին։
«Եթե Ադրբեջանն ասում է, որ Սյունիքը, Սևանն ու Երևանն իրենն են, բնականաբար ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Եթե հայ ռազմագերիները գտնվում են Ադրբեջանում, եթե այդ երկիրը խախտել է մեր տարածքային ամբողջականությունը, և ադրբեջանական զինված ուժերը դեռևս շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, էլ չասած՝ Արցախի տարածքում՝ առնվազն Շուշիում և Հադրութում, ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Իհարկե՝ չի կարող որևէ խաղաղության կամ խաղաղության դարաշրջանի մասին խոսք լինել»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է: Մյուս երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։