09/11/2021 15:50
Մել Դալուզյանի մասին ֆիլմի աշխատանքներն ավարտվել են. զբաղվում են ֆիլմը միջազգային փառատոներում ներկայացնելու հարցով
Կառավարությունը 20 միլիոն ՀՀ դրամ էր հատկացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ մարզիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար։
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե ինչ փուլում է ֆիլմի նկարահանման գործընթացը:
Ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից հայտնել են, որ «Բարս մեդիա» ընկերության նկարահանած «Մել» ֆիլմի աշխատանքներն ավարտվել են:
«Ֆիլմի իրավունքները պատկանում են արտադրող ընկերությանը, և նրա կողմից ընտրված վաճառքի գործակալը զբաղվում է ֆիլմը միջազգային փառատոներում ներկայացնելու համար», - Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
Հիշեցնենք՝ «Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունից ստացել էր 160.148.800 ՀՀ դրամ դրամաշնորհ մինչև 2020 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում կինոծրագրերի իրականացման համար։ Այդ դրամաշնորհից 20 միլիոն դրամ կինոկենտրոնը տրամադրել է «Մել» ֆիլմին:
Մել Դալուզյանը տարիներ առաջ մեկնել է Հայաստանից ու քաղաքական ապաստան խնդրել Նիդեռլանդների իշխանություններից: Նա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:
«Մել» ֆիլմը Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Երբ հայտնի էր դարձել, որ ծանրամարտիկի մասին ֆիլմ է նկարահանվելու, մեծ աղմուկ էր բարձրացել:
Այս թեմային անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. 2019 թվականին Ազգային ժողովում նա հայտարարել էր, թե շատ գոհ է, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը: Նա ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը համարել էր էժանագին պրոպագանդա։
Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։
Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներ և մարզիկներ էլ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, թե «հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական վարքագիծը»: