09/11/2021 19:07
Հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք. ցուցադրություն՝ ԱԺ-ում
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ներկայացված պատկերները փաստում են, որ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք և վերածվել Անդրկովկասի խոշոր վարչական և արդյունաբերական կենտրոնի:
Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշել է, որ հայկական ճարտարապետությանը զուգահեռ տեսնում ենք վանդալիզմի դրսևորումներ, ոչնչացվում են հայկական պատմամշակութային օջախներ:
«Այդ քայլերի մեր հակաքայլը ձեր մայրաքաղաքում կանգնած այն շենքերն են, որոնք հեղինակել են հենց նույն շուշեցի ճարտարապետները», - ասել է պատգամավորը:
Ցուցադրությանը ծանոթացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ հայ ճարտարապետների ջանքերով ստեղծվել է ադրբեջանական ճարտարապետական ոճը, որը մինչ այդ գոյություն չի ունեցել: