12/11/2021 17:17
Երկու օր է՝ ժողովուրդը գյուղից ելումուտ չունի, հիվանդանոցային բուժման կարիք ունեցող հիվանդներին անգամ հնարավոր չէ Գորիս տեղափոխել. Բարձրավանի գյուղապետ
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղակայումից հետո դեպի Գորիս գնալու մեր ճանապարհը կտրվել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարձրավանի համայնքապետ Օնիկ Ավագյանը։
«Ավելի շուտ՝ նախկին ճանապարհը չկա։ Հիմա մենք ստիպված պետք է օգտվենք այլընտրանքային ճանապարհներից։ Այլընտրանքային ճանապարհ կառուցվում է, բայց այս պահի դրությամբ անօգտագործելի է, հնարավոր չէ դրանով երթևեկել։
Երկու օր է՝ ժողովուրդը գյուղից ելումուտ չունի, ոչ մեկը ոչ ելք է անում, ոչ մուտք։ Այսօր Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանն է եկել, լրագրողներ են ամենագնաց «Նիվայով» մի կերպ հասել։ Այս վիճակն է», - նկարագրեց Օնիկ Ավագյանը՝ հավելելով, որ բարձրավանցիները կոմունիկացիոն սահմանափակումների հետ կապված դժգոհություններ և լուրջ մտահոգություններ ունեն։
«Չնայած սրան՝ գյուղում խուճապային տրամադրություններ չկան։ Օրինակ, մտահոգություններ կան հենց այլտնտրանքային՝ Տաթևի կողմից կառուցվող ճանապարհի հետ կապված։ Այն, նախկին ճանապարհի համեմատ, կրկնակի երկար է։ Եթե ոչ մի բան չկա, գոնե վառելիքի մասով մտահոգություն կա։ Եթե մինչև հիմա տաքսին 5000 դրամով էր Գորիս տանում-բերում, հիմա 10000 դրամով կտանի, այսինքն՝ մեր ծախսը կրկնակի կավելանա», - ասաց Ավագյանը։
Բարձրավանի գյուղապետը միաժամանակ հավելեց, որ պարենային խնդիրներին զուգահեռ՝ գյուղի առջև ծառացել են մի շարք այլ խնդիրներ, այդ թվում՝ առողջապահական բնույթի։
«Աստված ոչ անի՝ եթե Բարձրավանում մարդ վատանա, չգիտենք՝ ինչ կանենք։ Այս պահի դրությամբ գյուղում հիվանդներ ունենք, որոնք հիվանդանոցային բուժման կարիք ունեն, բայց հնարավոր չէ նրանց Գորիս տեղափոխել։ Եթե շտապօգնության մեքենա կանչենք, չի կարողանա գալ։ Ուղղակի հնարավոր չէ, որ այդ մեքենաներն այլընտրանքային ճանապարհով Գորիս հասնեն։ Դրա համար էլ առաջարկել եմ, որ եթե հնարավոր է, գոնե Կապանից շտապօգնության մեքենա մոտենա՝ այն ասֆալտային, իսկակական ճանապարհով՝ ռուսների կամ մեր սահմանապահների ուղեկցությամբ», - ասաց Օնիկ Ավագյանը։