12/11/2021 12:28
Գորիսի փոխքաղաքապետին քրեակատարողական հիմնարկում երկու օր է՝ չեն ընդունում. պաշտպանն այստեղ դիտավորություն է տեսնում
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին արդեն երկու օր է՝ չեն ընդունում քրեակատարողական հիմնարկում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չի հասել քրեակատարողական հիմնարկ, որի պատճառով քրեակատարողականն ասել է, թե չենք կարող նորից կալանքի վերցնել։ Մենուա Հավսեփյանն այժմ գնացել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը վարույթ իրականացնող մարմինն է, և դիմել, որպեսզի հրահանգներ տան, թե ինքն ինչ գործողություններ պետք է անի», - ասաց պաշտպանը։
Նա նշեց, թե իր պաշտպանյալն այդ քայլին գնացել է ավելորդություններից խուսափելու համար. «Որպեսզի վաղն էլ հանկարծ չասեն, թե ինքն ինչ-որ խախտում է թույլ տվել։ Փաստորեն, դռները թակած մուրում ենք, որ մեզ կալանավորեն, և դեռ մեր այդ խնդրանքին որևէ մեկն ընդառաջ չի գնում»։
Արմեն Մելքոնյանն ասաց, թե իր գնահատմամբ՝ այս ամենը դիտավորությամբ է արվում, հակառակ դեպքում դատարանը նման ապօրինի որոշում չէր կայացնի. «Նախադեպը չունեցող որոշում է սա։ Հայաստանի «արդարադատության» պրակտիկայում որևիցե մեկը չի կարող ցույց տալ, որ նման անձի նկատմամբ, նման քրեական գործով, այս պահվածքի պայմաններում կարող էր այսպիսի որոշում կայացվեր»։
Պաշտպանի խոսքով՝ սպասում են դատարանի հրահանգներին. «Ոնց կասեն, այդպես էլ կանենք»։
Հիշեցնենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել։ Նշենք նաև, որ նա վերջերս էր 30 մլն գրավի դիմաց ազատ արձակվել։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ևս Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գնացել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ, սակայն չեն ընդունել։
«Հիմա եկել եմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստվայրի շենքի մոտ։ Կանգնած եմ, սպասում եմ՝ որոշումը տան, վերցնեմ, գնամ քրեակատարողական հիմնարկ»,- ասաց նա։
Մենուա Հովսեփյանը նաև նշեց՝ քրեակատարողական հիմնարկում իրեն առաջարկել են, որպեսզի ներկայանա ոստիկանություն՝ ձերբակալեն։ «Բնականաբար, ես ինչի՞ համար պետք է գնամ ոստիկանություն՝ ինձ ձերբակալեն։ Ես ինքնակամ եմ եկել», - ասաց Գորիսի փոխքաղաքապետը։