13/11/2021 12:14
«Նա պետք է ազատ լինի և պաշտպանված». Նախկին պատգամավորը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի շահ ադրբեջանցիների վրա նռնակ նետած արցախցու, ում ռուսները ձերբակալել են
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆա Հովսեփյանը կոչ է անում ադրբեջանցիների վրա այսօր նռնակ նետած արցախցու համար միասնական լինել:
«Հուսամ վրիժառու տղային ի պաշտպանություն ոտքի կկանգնեք բոլորդ։ Չպետք է թույլ տանք, որ տղային ռուսական կողմը դատապարտի կամ արտահանձնի Ադրբեջանին։ Տղան այսօր պետք է ազատության մեջ գտնվի և դա է արդարությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հովսեփյանն ընդգծել է՝ քանի դեռ խաղաղ բնակչին գնդակահարողները, նվաստացնողներն ազատ են, ապա վրիժառուն պետք է ազատ լինի և պաշտպանված:
Նա հավելել է, որ այս պահին դեռ որոշակիություն չկա, սակայն կոչը նրա համար է, որ եթե խնդիր լինի՝ միասնականության ցուցաբերել:
Հիշեցնենք՝ այսօր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել: Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։
Ռուս խաղաղապահները ձերբակալել են եղբոր սպանության համար ադրբեջանական հենակետը պայթեցրած արցախցուն: