13/11/2021 12:46
Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա:
«Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում դեպքի վերաբերյալ, արդեն իսկ հայտնի իրողություններից բացի, այլ բան չկար։ Իհարկե, թեմային առնչվող որոշ հանգամանքներ պաշտոնապես հաստատելն արդեն կարևոր է։
Բայց կար շատ կարևոր ձևակերպում՝ «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում»։ Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա, ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել։
Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը: