13/11/2021 16:00
Վտանգն անխուսափելիորեն ավելանալու է. ռուս խաղաղապահները չեն կարող ամբողջությամբ վերահսկել Արցախի՝ մեզ մնացած պատառիկը. Քաղաքագետ
Արցախում ադրբեջանցիների կողմից բազմաթիվ սադրանքների ենք ականատես եղել, սակայն պետության կատարյալ բացակայության, ավելի շուտ՝ դավաճանության պայմաններում որևէ արձագանք չի եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի մատույցներում սպանված երիտասարդի եղբոր այսօրվա արարքին։
Հիշեցնենք՝ այսօր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին միջադեպ է տեղի ունեցել: Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները ձերբակալել են եղբոր սպանության համար ադրբեջանական հենակետը պայթեցրած արցախցուն:
«Անխուսափելիորեն նման դեպքերն ավելանալու են, և ավելանալու են ոչ միայն ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ տածած ազգային ատելության հողի վրա, այլև տարբեր վայրերում ադրբեջանցիներն առևանգելու են ուղևորներով ավտոմեքենաներ, իբրև թե անձնական վրեժխնդրության հողի վրա գնդակահարելու են արցախցի ընտանիքներ։
Սա միանգամայն իրագործելի է, որովհետև ռուս խաղաղպահները չեն կարող մետր առ մետր իրենց հսկողության տակ պահել Արցախի՝ մեզ մնացած պատառիկը։ Իսկ ադրբեջանցիների համար նման դիվերսիաներ գործելը որևէ խնդիր չի ներկայացնում», - ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդօրինակ դեպքերն աստիճանաբար հանգեցնելու են Արցախի հայաթափման և Ադրբեջանի լիակատար վերահսկողության։
Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ լավ է, որ վրիժառու արցախցուն ադրբեջանցիներին արտահանձնելու մտահոգությունը մասամբ փարատվել է, և ռուսական կողմն առաջիկա ժամերին հանձնելու է Արցախի իրավապահներին։
«Բայց ես պնդում եմ, որ Ադրբեջանը որոշակի, եթե ոչ մեծ ջանքեր, կգործադրի արցախցի վրիժառուին, այնուամենայնիվ ստանալու համար։ Հետագայում նմանօրինակ դեպքերը կարող են մեզ համար ավելի վատ հետևանքներ ունենալ», - ասաց Քանանյանը։