13/11/2021 15:30
«Տղերքը միշտ պիտի զգան, որ գնահատված են․ նրանց սխրանքը երբեք չի մոռացվի»․ Աբովյանի քաղաքապետի թեկնածուն հյուրընկալել է 44-օրյա պատերազմի հերոսներին (Տեսանյութ)
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանն իր տանը հյուրընկալել է 44-օրյա պատերազմի հերոսներին, որոնք վիրավորվել են մարտի դաշտում հայրենիքը պաշտպանելիս։
Վիրավորում ստացած զինծառայողներին ամենից շատ հուզող խնդիրների քննարկմանը զուգահեռ զրույց է ծավալվել նաև պատերազմի, կորցրած ընկերների մասին։
«Դուք էլ գիտեք, թե ինչ է ընկեր կորցնելը, գիտեք, թե ինչ է պատերազմը, 90-ականներին Դուք էլ եք մասնակցել․․․», - նշել են 44-օրյա պատերազմի մասնակիցները։
Նրանց իր տանը հյուրընկալելը Էդուարդ Բաբայանը պատվաբեր է համարել։
«Ամենացանկալիներից մեկն եք․ այն ճանապարհը, որը դուք եք անցել, երբ ձեր տարիքին էի, ես էլ եմ անցել, ու գիտեմ՝ դա ինչ է։ Ուրախ եմ, որ ձեր նման տղաներն ուզում են կանգնել մեր կողքին, որպեսզի կարողանանք մեր քաղաքը, մեր համայնքն ավելի ծաղկեցնել, ավելի բարեկեցիկ դարձնել», - ասել է նա։
Տղաներից մեկը հայտնել է, որ իր թեկնածությունն է առաջադրելու առաջիկա ՏԻՄ ընտրություններում, միասին քննարկել են նաև՝ ինչպես անել, որպեսզի տուն վերադարձած զինվորն իրեն հոգեպես ու ֆիզիկապես ավելի ամուր զգա։
«Երևանում բազմաթիվ վերականգնողական կենտրոններ կան, իսկ Աբովյանում չկա», - նկատել է պատերազմի մասնակիցներից մեկը։
Վիրավորում ստացած զինծառայողները դժվարություններ ունեն՝ Երևան հասնելու հետ կապված։ Առաջարկ է հնչել Աբովյանում նմանատիպ կենտրոն ունենալ։
Աբովյանի քաղաքապետի թեկնածուն հայտնել է՝ առաջարկը ներառվելու է իր ծրագրում՝ այն կյանքի կոչելու նպատակով։ Նաև պատերազմի դաշտում ընկած տղաների լուսանկարներով հուշատախտակ է բացվելու, որպեսզի բոլորը ճանաչեն հայրենիքի համար զոհվածներին։