13/11/2021 11:23
Արշակ Կարապետյանն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել են համագործակցության նոր ուղղությունների զարգացումը
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մարտինա Շմիդտին ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։
Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի անցկացմանն առնչվող հարցեր: Ծրագիրն օժանդակում է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության բարձրացման, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ զինված ուժերում իրականացվող աշխատանքներին։
Զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը։
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը նպաստում է զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների, զինհաշմանդամների, զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական իրավունքների ոլորտը կանոնակարգող օրենսդրության ուսումնասիրության և բարելավման հարցում փորձագիտական աջակցության տրամադրմանը։