15/11/2021 20:03
Սյունիքի համայնքապետերի նկատմամբ վրեժխնդրություն է իրականացվում, ուղիղ կապ կա նաև Սյունիքում ծավալվող իրադարձությունների հետ․ Վահե Հակոբյան
«Սա և՛ վրեժխնդրություն է, որը Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակական բնույթ է կրում՝ ինչպես Արթուր Սարգսյանի, այնպես էլ մյուս կալանավորված, այդ թվում՝ երկու գործող քաղաքապետերի նկատմամբ, և՛ ուղիղ ու տեսանելի կապ կա Սյունիքում ծավալվող իրադարձությունների հետ։ Նախկին քաղաքապետը, որն, անկասկած, ունի հեղինակություն Սիսիանում և խոշորացված համայնքում, նույնպես կալանավորվում է։ Կալանավորողն էլ Արմեն Դանիելյան անունով դատավորն է, որի անունը երբ տալիս են, արդեն ամեն ինչ պարզ է դառնում»,- անդրադառնալով Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դանիելյանին գրավով ազատ արձակելուց հետո կրկին կալանավորելու փաստին՝ ասաց նույն խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Պատգամավորը շեշտեց, որ Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշումը տրամաբանությունից դուրս է՝ հատկապես, որ մեկ ամիս անց նրա քրեական գործի վաղեմության ժամկետը լրանալու է։
«Սա ապօրինություն է՝ սկզբից մինչև վերջ»,-ասաց Վահե Հակոբյանը։ Նաև համոզմունք հայտնեց, որ Կապանի ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունից հետո իշխանությունը մտավախություն ունի, որ Սիսիանում կայանալիք ընտրություններում Արթուր Սարգսյանը կարող է կամ առաջադրվել կամ սատարել առաջադրված թեկնածուին։
«Նույն այդ մտավախությամբ Մխիթար Զաքարյանն է շարունակում մնալ կալանքի տակ։ Սրանք մի շղթայի օղակներ են»,- ընդգծեց Վահե Հակոբյանը։