15/11/2021 20:37
Արարատ Միրզոյանը Եվրամիությանը կոչ է արել հրաժարվել երկակի ստանդարտներից և անհասցե կոչերից
Երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Եթե ցանկանում եք սատարել տարածաշրջանում կայունության հասնելու մեր ջանքերը, ապա չկա այլ տարբերակ, քան այս հարցերում անկեղծ լինելն ու առանց երկակի ստանդարտների մեր տարածաշրջանում մարդու իրավունքների և ուժի կիրառման վերաբերյալ ձեր տեսլականն արտահայտելը: Մենք պատրաստ ենք այս հարցում լինել իրական գործընկեր Եվրամիության հետ», - հայտարարել է Միրզոյանը։
Նրա խոսքով, ուժի կիրառումը մի ժողովրդի դեմ, որ ձգտում է իրացնել իր հիմնարար իրավունքները, ներառյալ՝ ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և ինքնորոշման իրավունքը, չի կարող հակամարտության լուծման միջոց լինել։
«Իսկ պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված։ Համոզված ենք, որ հակամարտությունն իր քաղաքական լուծումը պետք է գտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մանդատի շրջանակներում։ Կոչ եմ անում բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին», - ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը:
«Սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության: Դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող շարունակական ատելության խոսքի և հայատյացության, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական բանտարկման, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում, որի վերջին փորձը տեղի ունեցավ նախօրեին։ Որքան էլ Հայաստանը ցուցաբերում է իր պատրաստակամությունը՝ թուլացնելու իրավիճակի լարվածությունը, Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին՝ խաղաղ բնակչության շրջանում հանգեցնելով կորուստների: Որքան էլ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցության բացման դիրքերից՝ Ադրբեջանը շարունակում է պահանջել, այսպես կոչված, «միջանցք»։
Ի սկզբանե Ադրբեջանը հայ ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորում էր ականապատ տարածքների քարտեզների ձեռքբերմամբ։ Սակայն երբ Հայաստանն առաջարկեց տրամադրել բոլոր քարտեզները, որը ենթադրում էր, ի պատասխան՝ բոլոր գերեվարվածների ազատ արձակում, Ադրբեջանը հետքայլ կատարեց՝ կասկածի տակ դնելով քարտեզների հավաստիությունը: Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը՝ խոչընդոտելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելության իրականացումը», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։