15/11/2021 19:39
Որքան օղակը Սյունիքի շուրջ սեղմվում է, այնքան իշխանությունները փորձում են ներսում կոտրել դիմադրությունը․ Պատգամավոր
«Որքան օղակը Սյունիքի շուրջ սեղմվում է, որքան զարգացումները դառնում են ավելի վտանգավոր, և երկիրը, արգելակները կորցրած գնացքի նման, գահավիժում է ցած, այնքան իշխանությունները փորձում են ներսում կոտրել դիմադրությունը, բռնաճնշումներով լռեցնել քաղաքական ուժերին, հասարակական խմբերին և անհատներին, որոնք փորձում են իրենց ձայնը բարձրացնել և կասեցնել այս իշխանությունների գործողությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն իր «պողպատե մուրճը» ոչ թե հակառակորդի դեմ է օգտագործում, այլ երկրի ներսում՝ կոնկրետ նպատակով։ Նույն նպատակով էլ ձերբակալում է անվտանգային խորացող խնդիրների առջև հայտնված Սյունիքի համայնքապետերին։
««Պողպատե մուրճն» օգտագործում են երկրի ներսում՝ իրենց բռնակալական դիրքերն ամրապնդելու համար: Պատահական չէ, որ հենց Սյունիքում, որտեղ ծավալվում են ազգի համար ճակատագրական իրադարձություններ, հենց Սյունիքի համայնքապետերն են գտնվում անազատության մեջ: Սրանք են մեր իշխանությունների առաջնահերթությունները՝ թույլ չտալ, որ երկրի ներսում լինի ընդդիմություն, որը կկարողանա կանխել պետության ու ազգի վախճանը»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, որը գրավի դիմաց ազատ էր արձակվել, կրկին կալանավորվել է։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որից հետո դատարանը Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել։