15/11/2021 17:50
Այս հետապնդումը քաղաքական է. իմ՝ ազատության մեջ մնալը խանգարում է այսօրվա իշխանությունների կատարելիք ծրագրերին. Սիսիանի նախկին քաղաքապետ
Սիսիանի նախկին քաղաքապետը լրատվամիջոցներից է իմացել, որ իրեն կալանավորելու որոշում է կայացվել. նա ԱԺ-ում աշխատելիս է եղել։
«Ոչ ես, ոչ իմ փաստաբանը ծանուցված չենք եղել, որ այսօր նիստ կա։ Իմացել ենք, որ նեյեմբերի 12-ին նիստ կա, փաստաբանը տեղեկացրել է, որ այդ օրն ինքն այլ դատ ունի։ Երկու օրվա մեջ դատավորին փոխել են և դատավոր է նշանակվել հանրահայտ Արմեն Դանիելյանը։ Կարծում եմ, որ էլ մեկնաբանությունների կարիք չկա, այսպես էլ պետք է լիներ։ Այս հետապնդումը քաղաքական է» , -ասաց Արթուր Սարգսյանը։
Նա վստահեցրեց՝ ոգին տեղն է, ոչինչ չի փոխվելու, թեկուզ, մի ամիս էլ նստի:
«Դեկտեմբերի 29-ին այս գործի վաղեմության ժամկետը լրանում է և դատախազի միջնորդությամբ ինձ պետք է բաց թողնեն։ Բայց, կարծում եմ, որ այս մեկ ամիսը իշխանությունների համար կարևոր է, որ ես լինեմ կալանքի մեջ» , - ասաց Արթուր Սարգսյանը։
Կալանավորման հապճեպությունը, Սարգսյանի գնահատմամբ, պայմանավորված է սահմանի իրավիճակի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարարի փոփոխության հետ։
«Իմ՝ ազատության մեջ մնալը խանգարում է այսօրվա իշխանությունների կատարելիք ծրագրերին» ,- նշեց Արթուր Սարգսյանը։