15/11/2021 20:12
Հայաստանն ու Չինաստանը ստորագրել են տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր. անհատույց օգնություն կտրամադրվի Հանրային հեռուստատեսությանը
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև՝ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, իսկ չինական կողմից՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։
Համաձայնագիրը նախատեսում է ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության տրամադրումը` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման նոր տաղավարի նախագծի և այլ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման շրջանակներում:
Ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
ԱԳ նախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում՝ բարձր գնահատելով Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը, մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի վերաբերյալ: