15/11/2021 18:46
Ադրբեջանցիներն աշխատելու են հնարավորինս առաջ գալ և հնարավորինս շատ տարածքներ վերցնել՝ բանակցությունների ժամանակ դրանք դարձնելով սակարկության առարկա. Ռազմական փորձագետ
Հայաստանի սահմաններին բավական բարդ իրավիճակ է և շատ դժվար է մեկ-երկու բառով նշել՝ ինչու են ադրբեջանցիներն այս տարվա մայիսից ի վեր գտնվում ՀՀ սուվերեն տարածքում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների՝ Սյունիքում դիրքային նոր առաջխաղացումներին։
Ըստ նրա՝ պատճառները թե՛ հոգեբանական են, թե՛ ինժեներական, թե՛ զորքի քանակի:
«Իրենք ամեն հարմար առիթ օգտագործելու են նոր դիրք վերցնելու կամ Հայաստանի տարածքում առաջ գալու համար։ Ադրբեջանցիները փորձում են բոլոր հնարավոր բարձունքները զբաղեցնել, ձեռք բերել ռազմավարական առումով լավ դիրքավորում՝ հետագայում ինչ-որ սադրանքներ իրականացնելու համար։ Հակառակորդը ձգտում է նաև Հայաստանում անկայուն հոգեբանական իրավիճակ ստեղծել, այդ թվում ՝ տարբեր բնակավայրերի ազգաբնակչության համար»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը։
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ հակառակորդը փորձելու է մինչև բանակցությունների մեկնարկը հնարավորինս մեծ թվով հայկական դիրքեր վերցնել՝ աշխատելով դրանք «իրենով անել» արդեն բուն բանակցությունների փուլում։
«Ադրբեջանցիներն աշխատելու են հնարավորինս առաջ գալ և հնարավորինս շատ տարածքներ վերցնել՝ բանակցությունների ժամանակ դրանք դարձնելով սակարկության առարկա։ Սա երևում է անգամ նրանց քաղաքական հայտարարություններից»,- նշեց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք։
«Իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել»,-ասել էր նա։
Ավելի ուշ Անվտանգության խորհուրդն էր հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ:
«ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»,-ասված էր ԱԽ հայտարարությունում։