15/11/2021 15:40
«Մենք պետք է բարեկամ լինենք». Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ Գերագույն ռադայի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի և խմբի անդամների ուղեկցությամբ նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը մեր երկրում են` Ուկրաինայի հայերի միության հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին մասնակցելու նպատակով:
Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
«Հայաստանը և Ուկրաինան եղբայրական երկրներ են: Հայերի ցեղասպանությունը մարդկության պատմության այն փաստն է, որը չպետք է կրկնվի: Նման իրողություններն անթույլատրելի են», - ասել է Արտյոմ Դմիտրուկը:
Ըստ պատգամավորի` Ուկրաինան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ. ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը տարբեր ժամանակներում ստացել են ցավոտ հարվածներ:
«Մենք պետք է բարեկամ լինենք, անհրաժեշտ պահերին օգնության ձեռք մեկնենք միմյանց», - ընդգծել է ուկրաինացի պատգամավորը: